38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»

«Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
24.01.2021 | 20:46

Հին ու նոր Երևանի մասին էինք զրուցում։ Ասաց, որ շատերին է խորհուրդ տալիս կարդալ Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը»։ Առաջարկեցի՝ զրուցել այդ պատմվածքի մասին։ Քովիդ, պատերազմ։ Զրույցը ուշացավ․․․ Խորին ցավով տեղեկացանք Ստեփան Նալբանդյանի մահվան մասին։

ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ։ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախագահ, կենտրոնական վարչության խորհրդի անդամ։ Երկիր և մշակույթ։ Հենց այսպես կվերնագրեի Ստեփան Նալբանդյանի հետ ունեցած զրույցները։ Ներկայացնում ենք պատառիկներ քաղված «Իրատեսին» տված նրա հարցազրույցներից։

****
Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի։
****
«Ի՞նչ գիտեն շատերը` Հաղպատ, Գառնի, Գեղարդ, իսկ ասֆալտի ճանապարհից եթե մի քիչ շեղվեն, Գեղարդավանքի վերևում կտեսնեն վանականի խցեր, մատուռներ, բայց չգիտեն դրանց մասին։
*****
Վերականգնումը պետք է զերծ լինի ենթադրություններից: Հորինել չի կարելի: Այսինքն, դու պետք է անես այն, ինչ պատմությունը թողել է: Կա գիտական հատուկ որոշում․ «Պատմամշակութային, ճարտարապետական կառույցը գիտական փաստաթուղթ է և պատմության աղբյուր»
****
Ինչո՞ւ ենք մենք միշտ ուշացումով ամեն ինչին արձագանքում: ՀԷԿ են կառուցում-վերջացնում, ասում ենք` վատ է, ծառեր են կտրում, ասում ենք` վատ է, հուշարձաններ են տեղահանում, ասում ենք` վատ է: Ինչո՞ւ միշտ վերջում։
****
Կան լավ և վատ զբոսաշրջիկներ. զբոսաշրջիկներ կան, որ ծառերի վրա քրչուփալաս են կախում, իբր երազանքների իրականցման համար, կարծելով, որ մեր առաքելական եկեղեցին նման ավանդույթ ունի, զբոսաշրջիկներ էլ կան, որ այդ նույն տարածքները մաքրում են։
****
Նույն կերպ Աբովյան փողոցի տունը քանդեցին, ասացին` հուշարձանների ցանկում չկա: Ի՞նչ կապ ունի, գրանցված է, թե` չէ, քանդեցիք, հուշարձանը ոչնչացավ:
****
Ադրբեջանցին պատ էր շարում խաչքարերով, մենք էլ պատից հանել ենք, թափված է ամբողջ գյուղով մեկ։ Մենք դիմելու ենք կառավարությանը, որպեսզի տարածքը հատուկ վերահսկիչ ունենա ( Վայքի տարածաշրջանի Կապույտ գյուղից ահազանգ էին ստացել, որ քանդված տների հիմքերի, պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս գալիս):

****

Քարն իր տեղում գիտական արժեք է: Մասնագիտորեն ասեմ, եթե արևելյան պատի տակ է ընկած քարը, դնում են արևմտյան պատի տակ, մեզ արդեն մոլորության մեջ են գցում:

****

Բոլոր այս տեղափոխումները ասես միտումնավոր են, պատմությունն աղավաղելու համար, ամեն քար իր տեղում է պատմություն: Անպատմություն քար գոյություն չունի: Ինչո՞վ է տարբերվում Ջուղայի վերացված քարերից: Նրանք մեծ ծավալով ոչնչացրին, մենք հատ-հատ ենք անում։

****
Հաղպատի վանքի բակում կարող են տվյալ տարածքի բեկորների ցուցադրությունը կազմակերպել, ինչո՞ւ անընդհատ Երևան, քաղաք-պետությո՞ւն եք կառուցում:

****
Համատարած գանձագողություն է կատարվում: Ահավոր անգրագետ են մեր գանձագողերը: Ես նույնիսկ ուզում եմ հատուկ դասախոսություն կարդալ գանձագողության մասին, թե որտեղ կարելի է քանդել, որտեղ` ոչ:

****
Իհարկե, խնդիրը ներսում եղած կճուճը չէ, այլ պատմական շերտը, որ ոչնչացվում է: Գանձագողը ոչ թե պեղում է, մաքրում, արձանագրում, նկարում, ուսումնասիրում պատմությունը, այլ կոպիտ ասած`քլունգով քանդում է, մեջից ինչ դուրս եկավ` եկավ: Պատմությունն է ոչնչացվում:
****
Հրապարակը պետք է լինի հրապարակ՝ բառիս բուն իմաստով: Մարդիկ այստեղ պետք է զբոսնեն, հանգստանան: Մեր հրապարակն այնպես է կառուցվել, որ շուրջը մեքենաները պտտվում են: Պետք է լուծում գտնել, ազատել հրապարակը կանգառներից, կայանատեղերից: Կարծում եմ, արժե մտածել ստորգետնյա ենթակառուցվածք ստեղծելու մասին՝ առևտրի կենտրոն, կայանատեղի, անցումներ:

****
Մենք պատերազմող երկիր ենք, մայրաքաղաքում թաքստոց չունենք: Աստված մի արասցե, եթե ռմբակոծություն լինի, մետրո՞ն է մեր միակ հույսը:
****
Երկիրը սիրելու համար նախ պետք է ճանաչել այն: Երիտասարդներն ուզում են ամեն ինչ իմանալ, սովորել, մի բան գողանալ մտքիցդ, մի բան տանել: Ես ֆեյսբուքյան իմ էջում պատմական մեր միջավայրի մասին տարբեր պատմություններ, նկարներ եմ տեղադրում: Չեք պատկերացնի՝ ինչ արձագանք է ունենում, ինչքան շնորհակալություններ են հայտնում, ասում են` տեղը սովորեցինք, վաղը գնում ենք: Լուսանկարները տարածում են: Ես ուրախանում եմ: Հենց այդ հայրենիքը սիրող, ոգևորված երիտասարդությունը այս օրերին պաշտպանեց մեր երկրի սահմանները: Ես վստահ եմ, որ երիտասարդ սերունդը մեզնից լավ է պահելու այս երկիրը (2016թ․):

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 82248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ